Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ում Գերմանիայի համանախագահությանը, ղարաբաղյան հակամարտությանը և կարգավորմանն առնչվող հարցեր։ Մամեդյարովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին, ասել է.- «Հայաստանի իրական նպատակը տարատեսակ սադրիչ գործողությունների օգնությամբ բանակցային գործընթացը վնասելն է, որ պահպանի գործող ստատուս քվոն և բռնակցված ադրբեջանական տարածքները»։ Մամեդյարովը գտնում է, թե օրակարգում տեխնիկական հարցեր մտցնելը, ինչպիսին միջադեպերի հետաքննությունն է, Հայաստանի կողմից գիտակցված քայլ է, «որպեսզի շեղի ուշադրությունը հակամարտության կարգավորումից»։ Միջադեպերի հետաքննությունը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու գործընթացի շրջանակներում»։