Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանում և Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանում և Ղարաբաղում խաղաղության հաստատմանը
19.03.2016 | 10:58

ԱՄՆ-ը պատրաստ է ֆինանսական, քաղաքական և մշակութային միջոցներով աջակցել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպած միջոցառմանը հայտարարել են կոնգրեսականները: Ադամ Շիֆը, Ջեյմս Լանգևինը, Ջուդի Չուն և Ջեքի Սփիրը հայտարարել են, որ ամերիկացի բազմաթիվ օրենսդիրների հետ միասին հայ ժողովրդի կողքին են: Լոս Անջելեսի շրջանից ընտրված կոնգրեսմեն Ադամ Շիֆի խոսքով, ինքը ներկայացնում է մոլորակի լավագույն և ամենաառաջադեմ սփյուռքը. «Քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից ես դարձել եմ հայկական ընտանիքի անդամ և շատ շնորհակալ ու զգացված եմ՝ այդ ընտանիքի անդամ լինելով»: Խոսելով կոնգրեսականների ներդրումի մասին՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ հպարտ է աշխատել ներկա Կոնգրեսի հետ, որն առաջարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատման երեք պայմանները՝ սահմանագծից դիպուկահարների հեռացում, կրակի ուղղությունը որսացող հատուկ սարքավորումների տեղադրում և հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի միջազգային հետաքննություն: «Խաղաղության հաստատման բանալին առաջին հերթին օրեցօր շարունակվող բռնություններին և սպանություններին վերջ դնելն է», - ասել է նա: Կոնգրեսմեն Ջուդի Չուի խոսքով, խաղաղության հաստատումը միայն առաջին քայլն է, երկրորդ քայլը պետք է լինի բարգավաճման հասնելը, որի նպատակով նա աջակցում է ԱՄՆ-ում և Հայաստանում երկակի հարկումից խուսափելու համաձայնագիր ընդունելու առաջարկը։ «Տնտեսական կապերը հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության կարևորագույն բաղադրիչն են»,- նշել է նա: Կոնգրեսականները ընդգծել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, որը, Ջուդի Չուի խոսքով, անհրաժեշտ է՝ պատմության ճշմարիտ կողմում մնալու համար: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրը հիշեցրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար փախստական Սիրիայից, ուստի անհրաժեշտ է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրել՝ որպես օգնություն փախստականներին:
Լեռնային Ղարաբաղում գտնվող Քերոլայն Քոքսի անվան վերականգնման կենտրոնի ղեկավար Վարդան Թադևոսյանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կոչ են արել ԱՄՆ-ին շարունակել Ղարաբաղի բնակչությանն օգնություն հատկացնելու քաղաքականությունը: «Մենք շնորհակալ ենք, որ չնայած ԱՄՆ-ը չունի պաշտոնական կապեր Ղարաբաղի հետ, Կոնգրեսում մեր ընկերների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի շնորհիվ օգնություն, այնուամենայնիվ, ստացվում է»: Դիվանագետի խոսքով, օգնությունը թույլ է տալիս Ղարաբաղի տարածքում ականազերծում իրականացնել և ապահովել հաշմանդամների վերականգնումը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ