Այսօր վաղ առավոտյան Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Դուբայից ժամանող Boeing 737-800 մարդատար օդանավը։ Զոհվել են օդանավի բոլոր ուղևորները՝ 61 մարդ։ FlyDubai ավիաընկերության օդանավը եղանակային բարդ պայմաններում երկու ժամ չի կարողացել վայրէջք կատարել և երկրորդ շրջանից հետո վայրէջքի նոր փորձի ժամանակ հարվածել է գետնին, տեղի է ունեցել բռնկում, օդանավի բեկորները ցրված են թռիչքուղու վրա։ Վթարի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները, ճշտվում են աղետի հանգամանքները։ LifeNews-ը հրապարակել է զոհվածների նախնական ցուցակը, հայկական անուններ չկան։ Զոհվածներից չորսը երեխաներ են։
«Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Դոնի Ռոստովում Boeing ինքնաթիռի կործանման պատճառ է նշվում միայն եղանակային պայմանների վարկածը՝ ասել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Տրանսպորտի նախարարությունում նշում են աղետի մի քանի պատճառներ, այդ թվում` FlyDubai ընկերության օդաչուների հնարավոր սխալը: «Քննարկվում են մի քանի վարկածներ՝ և եղանակային վատ պայմանները, և օդաչուների հնարավոր սխալը»,- ասել է տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան: Ահաբեկչության վարկածը չի դիտարկվում՝ հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունում։ «Նման վարկածը քիչ հավանական է, անգամ՝ բացառված։ Հիմնական պատճառների թվում չի դիտարկվում։ Ավելի շատ տեխնիկական պատճառներն են»,- ասել է աղբյուրը։
FlyDubai FZ-981 չվերթն իրականացվել է մարտի 18-ին՝ տեղի ժամանակով ժամը 22:37-ին, և պետք է ժամաներ 01:40-ին: Վթարը եղել է 03։50-ին: