Սիրիայի և նրա դաշնակիցների հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ կօգնի ձևավորել ավելի արդար համաշխարհային կարգ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա Դամասկոսում ընդունել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի վարչակազմի արտաքին հարաբերությունների հարցերով ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Հարազիին՝ հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Ասադն ասել է, որ ռազմական ու քաղաքական աջակցությունը՝ բարեկամական պետությունների՝ առաջին հերթին Ռուսաստանի ու Իրանի կողմից, «արդյունավետորեն նպաստել է սիրիացիների դիմացկունությանը՝ ահաբեկչության դեմ պատերազմում»: Սիրիայի նախագահի խոսքով՝ «այդ աջակցությունն օգնել է վերականգնելու կայունությունն ու անվտանգությունը, հարմար պայմաններ են ստեղծել, որ սիրիացիներն իրենք վճռեն իրենց երկրի ապագան»։ Ասադը իրանցի գործչի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում՝ «մարտական գործողությունների դադարեցման և ազգային հաշտեցման մասշտաբները մի շարք շրջաններում ընդլայնելու ֆոնին»: Կողմերն ուշադրություն են հատկացրել նաև Ժնևում տեղի ունեցող միջսիրիական երկխոսությանը: