Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ պատմական հանդիպման ընթացքում պահանջել է վերադարձնել Գուանտանամո ծովածոցը, վերջ տալ Վաշինգտոնի կողմից Հավանայի նկատմամբ սահմանված առևտրային էմբարգոյին: «Մեր երկրների միջև կան լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մի այցով»,- մեջբերում է The Guardian-ը Կաստրոյի խոսքերը: Օբաման համաձայնել է, որ Վաշինգտոնի ու Հավանայի տարաձայնությունները շատ են և 50 տարի խզված դիվանագիտական կապերն «իրենց գործն» արել են։ «Բայց եկեք չմոռանանք, որ այսօր մենք կարող ենք ընդհանուր լեզու չգտնել որևէ հարցի շուրջ, սակայն վաղը կարող ենք լիարժեք համաձայնության գալ»,- հավելել է Օբաման:
1898-ից ի վեր Գուանտանամո ծովածոցում է տեղակայված ամերիկյան ռազմածովային բազան, որի իրավական կարգավիճակը երաշխավորված է 1903-ի Կուբայի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագրով: Ըստ այդ պայմանագրի՝ Կուբայի Գուանտանամո շրջանն անժամկետ վարձակալության հիմքերով տրվում է ԱՄՆ-ին: Սակայն Կուբայի իշխանությունները պնդում են, որ ամերիկյան բազայի տեղակայումն անօրինական է, քանի որ փաստաթուղթը չստորագրելու դեպքում ԱՄՆ-ը սպառնացել է ռազմական ուժ կիրառել Հավանայի դեմ: