Բելգիայի մայրաքաղաք, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կենտրոն Բրյուսելում վաղ առավոտյան ահաբեկչական պայթյունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ։ Մահապարտ ահաբեկիչները ռումբերը պայթեցրել են Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում և «Մաալբեկ» մետրոյի կայարանում։ Օդակայանում, ըստ ականատեսների` ամերիկյան ավիաընկերության տաղավարի մոտ ահաբեկիչներն արաբերեն բղավել են «Ալլահ աքբար», ապա գործի են դրել իրենց մարմիններին ամրացրած պայթուցիկները։ Բելգիայի դատախազությունը հաղորդել է առնվազն 34 զոհի և 187 վիրավորների մասին։ Չորս օր առաջ Բրյուսելում ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է Սալահ Աբդեսլամին, որ համարվում է անցյալ տարի նոյեմբերին Փարիզում 130 մարդկանց կյանք խլած ահաբեկչական խմբի ղեկավարներից մեկը։
Բրյուսելում պարեկություն են անում ոստիկանների և բանակի ստորաբաժանումները։ Հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, Բրյուսելը փակ է ժամանող օդանավերի և գնացքների համար։ Երկրի պետական հիմնարկների, Եվրամիության շենքերի տանիքներին տեղադրված դրոշները ի նշան սգո խոնարհված են։ «Մենք ցավակցություն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր կորցրել են իրենց մտերիմներին, սա շատ ողբերգական կացություն է, մենք բոլորին հորդորում ենք զուսպ և համերաշխ լինել այս դժվարին իրավիճակում»,- ասել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։ Նա «ստորություն» է անվանել հարձակումը և ասել, որ «մարտի 22-ը սև օր է Բելգիայի համար»։ Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լեուվը ահաբեկչական հարձակում է անվանել պայթյունները:
Ահաբեկչությանն է անդրադարձել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին: «Սա շատ տխուր օր է Եվրոպա մայր ցամաքի և Եվրոպայի մայրաքաղաքի համար, մենք դեռ սպասում ենք առավել հստակ տեղեկությունների Բրյուսելում տեղի ունեցած գրոհների վերաբերյալ։ Բայց ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում բոլորիս տանջող ցավի արմատները նույնն են, և մեզ միավորում է ոչ միայն զոհերի հետ մեր համերաշխությունը, այլև հավաքական արձագանքը այդ գրոհներին, արմատականացումը և բռնությունը կանխելու ձգտումը»,- ասել է նա: «Սա հարված է ամբողջ Եվրոպային»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Ահաբեկիչները հարվածել են Բելգիային, բայց թիրախը Եվրոպան է, բոլորս, մենք հիմա պարտավոր ենք ըմբռնել, թե որքան լուրջ ու մեծ է ահաբեկչության սպառնալիքը»,- ասել է Օլանդը։ Ֆրանսիացիները անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկում, ներքին գործերի նախարար Բերնար Կազենևն ասել է, որ կարգադրել է 1600-ով ավելացնել երկրի տարբեր շրջաններում, սահմանին, օդակայաններում և երկաթուղային կայարաններում պարեկություն անող ոստիկանների թիվը։
Եվրոպական մի քանի երկրներում կառավարություններն արտակարգ նիստեր են գումարել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ասել է, որ Լոնդոնը ցավակցություն և համերաշխություն է հայտնում Բրյուսելին, պատրաստ է օգնել բելգիացիներին։ «Մենք հստակ ասում ենք` երբեք ահաբեկիչներին թույլ չենք տա հաղթել»,- հայտարարել է Քեմերոնը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «նախագահ Վլադիմիր Պուտինը խստորեն դատապարտում է բարբարոսական հարձակումները»։ ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ «Եվրոպայի կրկնակի ստանդարտների մոտեցումն է հանգեցրել ահաբեկչությանը»։