Բրյուսելում ահաբեկչական գործողությունները բացահայտեցին Եվրոպայի խոցելիությունը ու միջազգային փոխգործակցության կարևորությունը՝ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: «Անկասկած, սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, բարբարոսական ահաբեկչական գործողություն, որը ցույց է տալիս, թե որքան խոցելի է դարձել Եվրոպան ու ինչքան անհրաժեշտ է փոխըմբռնումը Եվրոպայի զանազան պետությունների ու առհասարակ բոլոր պատասխանատու պետությունների միջև, որ կանխենք նմանատիպ ահաբեկչական գործողությունները ու պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Մեդվեդևը: Նա նշել է, որ Բրյուսելում կատարված ահաբեկչական հարձակումները ազդելու են ԵՄ քաղաքականության վրա: Վարչապետը շեշտել է, որ Ռուսաստանն իր հերթին նկատի կունենա այդ իրադարձություններն իր արտաքին քաղաքականության մեջ: