Մեր հարևան Սահակը Ամանորին մահացավ: Անտեր-անտիրական մարդ էր, տատս ամեն անգամ նրան տեսնելիս չանչ էր անում ու թոնթորում.
-Էս գլխամեռը խի ա ապրում, անաբուռ հալիվոր ա, երկու իգիթ տղին թաղեց, կա-չկա Գաբրիել հրեշտակը սրան մտահան ա արել...
Գյուղում շատերն էին տատիս պես մտածում՝ համարում, որ Սահակի ապրելն անամոթություն է, ոչ կին ուներ, ոչ զավակ, ոչ թոռ, ոչ բարեկամ՝ ծիտ մենակ: ՈՒ կարծես մարդը անսալով համագյուղացիների հավաքական կարծիքին՝ իր առաքելությունը երկրի վրա ավարտված համարեց: Դե մեռավ, մեռավ, բայց գյուղն էլի դժգոհ էր: Շեկի թաղի Անուշը գյուղամիջում կրկնախոսում էր.
-Էդ չոր գլուխը հենց էս ազիզ օրը պիտի մեռներ, ուրիշ օրը գլխիցը կտրել էր, տարին հեչ լավ չսկսվեց, թազա տարին հարամեց:
-Հա էլի,- նրան ձայնակցում էր Փառանձեմ ձալոն՝ մեռնելու մեջ Սահակի մեղավորությունը ցուցանելով,- վախտ գտավ անբախտը:
Միայն Թամար տատն էր մեռնողի կողմը բռնում.
-Աղջի, Աստծուն դժվար գալու բաներ մի ասեք, մեռնելն իրա ձեռի՞ն ա, փող ա տվել, առե՞լ...
Ինչ որ է, խոսեցին, խոսեցին ու լռեցին... Մեզ՝ երեխաներիս համար Սահակ պապը անհաճո մարդ էր, տարին տասներկու ամիս՝ բարկացած, ինչպես ասում են՝ գրպանները լիքը կռիվ, դրա համար էլ խուսափում էինք նրա աչքին երևալուց: Մի անգամ հորաքույր Հայկուշին հարցրի.
-Էս Սահակ պապին ո՞վ ա ջղայնացրել:- Հորաքրոջս պատասխանը մի բառ էր.
-Կյանքը...
Է՜հ, ոչինչ չհասկացա, քանի որ մեր գյուղում էդ անունով մարդ չկար, բայց դե չհասկանալս ամեն տեսակետից էլ ներելի էր, քանզի ո՞վ գիտի՝ կյանքն ո՞վ կամ ի՞նչ է, որ ես՝ մի մատ երեխաս, գիտենայի: Սարգյուլ տատը, ով գյուղի պառավ կանանց հրամանատարն էր, հրահանգեց.
-Կես սհաթ եդը գնանք, էդ անտեր շան վրա լացըլող չկա, աղլուխները մտահան չանեք:
Մեր կողմերում թաշկինակին էլ, գլխաշորին էլ աղլուխ են ասում: Մեր գյուղի միակ ատաղձագործ Ռուբենը արդեն ձեռնարկել էր դագաղ պատրաստելու գործը, մի քանի հաճարածառի ծուռ-մուռ ու խլոտ տախտակներ էր առանձնացրել, ինչպես ինքն էր ասում դագաղին՝ ղութիկի համար, դե տախտակները ռանդելու կարիք բոլորովին չկար, հավերժության մեջ ամեն ինչ ուղղվում, հավասարվում է: Բայց դե գյուղում շրջանառվում էր այն լուրը, թե իբր Ռուբենը պատրաստել է իր դագաղը՝ բոլոր հարմարություններով, այնպիսին, որ ամեն մի մահկանացու այն տեսնելիս կարող է մտքափոխ լինել ու ցանկանալ այս աշխարհի կյանքը փոխել այն աշխարհի հետ: Սակայն այս ամենը խոսքի, զրույցի ու կատակի մակարդակի էր՝ անհավաստի: Գյուղում չգրված օրենք կար. եթե մահացած մարդ կար, չէր կարելի ռադիո լսել, բարձրաձայն խոսել, ուրախանալ...
Նոր տարին Նոր տարի էր, բայց դե օրենքն էլ օրենք էր, ու մայրս անընդհատ մեզ սաստում էր.
-Կամաց խոսեք, սուս արեք, ձեններդ որտեղ է հասնում...
Բայց դե երեխաներիս բան հասկացնելը հե՞շտ էր, երբ չէինք պատկերացնում՝ մեռնելն ի՞նչ է, և ինչո՞ւ պիտի չարաճճիություն չանենք: Տատս մորս վրա բարկացավ.
-Թող էրեխեքը ուրախանան, էդ քյավթառը հո քարի խաչ չէր դառնալու, հոգին ազատեց, պրծավ:
Տատիս ասածը անբեկանելի էր, մայրս տեղի տվեց: Ցանցառ ու սակավախաղալիք տոնածառի շուրջը պարում ու երգում էինք, բայց ենթագիտակցաբար զգում էինք, որ լավ բան չենք անում, միաժամանակ ուրախ ու տխուր էինք: Գյուղխորհրդի նախագահ Վարշամը կանչեց մի քանի երիտասարդների ու ասաց.
-Գիշերը Սահակի մոտ կմնաք, աչքաթող չանեք, կատու կա, առնետ կա, հանկարծ մեռելին վնաս չտան:
Հաջորդ օրը Սահակի թաղումն էր, դագաղում պառկած այդ բարկացկոտ մարդու դեմքը խաղաղ էր, թվում էր` շրթունքներին հազիվ նշմարելի ժպիտ էր դրոշմվել, կարծես ուրախ էր, որ գնում է այս աշխարհից, ոնց որ տատոնց տուն էր գնում, քանզի վաղուց էր կյանքի հետ կապերը խզել և ուղղակի սա մահվան զուտ պաշտոնական արձանագրումն էր: Հուղարկավորությունը շատ արագ կատարվեց, ոչ հրաժեշտի խոսք ու վշտակցություն, ոչ մի կաթիլ արցունք: Ասում են՝ ուրիշը ուրիշի մեռելը… է թաղում: Բազմակետերի փոխարեն մի բառ կա, ով գիտի գիտի, ով չգիտի, ինչ ասեմ, չեմ ուզում բարձրաձայնել: Հուղարկավորները գերեզմանոցից վերադարձան: Պապս տատիս հրամայեց.
-Աղջի, գնա տնից լավից-վատից բեր:- ՈՒ հոգեհացի սեղան բացվեց, մի քիչ հաց, մի քիչ պանիր, մի քիչ օղի, մի քիչ բողկ, մի քիչ լոբի, մի քիչ միս, մի քիչ… մի քիչ... Կոլտնտեսության բավականին կոնծած նախագահը բաժակ բարձրացրեց.
-Մենք էսօր Սահակին ուղարկեցինք իր որդիների մոտ, ամենքիս ճամփեն ա, մի օր էկող ենք, մի օր գնացող, շատ ու քիչ ապրելը հաշիվ չի, կամ մի հաշիվ ա, մարդ իրա մահի հետ ա ծնվում, իրանք ջուխտակ են,- հետո խոսքի թելը կորցրեց, ու հանկարծ հիշեց, որ անցած տարի կոլխոզը պլանը չի կատարել ու շարունակեց,- ընկերներ, անցած տարի շատ չորային էր, մենք մեղավոր չենք, բայց էս տարի տեսնում եք, ինչ շատ ձյուն է եկել, մենք մեր հարազատ պարտիայի իջեցրած պլանները պատվով կգերակատարենք:
Հետո անդրաշխարհային լռություն տիրեց, սեղանակիցներն ընկղմվել էին իրենց խոկմունքների բավիղներում... Պատուհանից երևացող ծալ-ծալ ձյունածածկ դաշտերը, ձմեռային վեհերոտ արեգակի հետ դաշնակցելով, բազմաթույր գունախաղերով կայծկլտում էին:
Զավեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ