Բելառուսն ու Վրաստանը հաստատակամ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում`չնայած Մինսկը համարվում է Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցներից մեկը, իսկ Թբիլիսին ութ տարի առաջ խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Սա է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու` Բելառուս երկօրյա այցի գլխավոր արդյունքը:
«Կարևոր չէ, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Վրաստանը և ինչ քաղաքականություն ենք որդեգրել մենք: Ժամանակները փոխվում են, մենք հետևում ենք բոլոր իրադարձությունների ընթացքին: Կարծում եմ, որ մեր երկու պետությունները պատրաստ են հետևելու ժամանակի հրամայականին և պարբերաբար շտկելու հարաբերությունները, բացառապես դեպի բարելավում: Ի վերջո չմոռանանք, որ դուք մեզ համար օտար մարդիկ չեք, և ես ուրախ եմ, որ դուք այստեղ ձեզ զգում եք ինչպես տանը», - դիմելով վրացական կառավարության ղեկավարին՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Վրացական կողմը հատուկ ընդգծում է, որ բարձր է գնահատում պաշտոնական Մինսկի հաստատակամությունը` Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու հարցում: «Մենք իրոք հարազատ մարդիկ ենք և այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը: Վրաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որ ստանում է Բելառուսից: Ձեր անձնական ներդրումը մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ահռելի է: Մենք հատկապես երախտապարտ ենք այն աջակցության համար, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, ցուցաբերում է Բելառուսը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում»,- դիմելով Լուկաշենկոյին՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Տնտեսական ոլորտում կայացած գլխավոր համաձայնությունն էլ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու պայմանավորվածությունն էր: Կոնկրետ թիվ է նշվում` տարեկան 200 միլիոն դոլար: «Եթե ձեզ հետաքրքրում է եվրոպական շուկան, եվրասիական շուկան, արգելված թեմաներ Բելառուսում ձեզ համար գոյություն չունեն: Ես կարծում եմ, որ մենք արագորեն ի վիճակի կլինենք հասնելու 200 միլիոն ցուցանիշին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: