ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների օրակարգում գերիշխել է սիրիական և ուկրաինական ճգնաժամերի հարցը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի այցի հիմնական ինտրիգներից մեկը Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման հարցն է: Այցի նախօրեին պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչուին: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, որ Սավչենոյի հարցը քննարկվել է բանակցություններում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:
Լավրով-Քերի հանդիպումը տևել է չորս ժամ: Հանդիպման ավարտից հետո Ջոն Քերին «Թվիթեր»-ի էջում գրել է, թե արդյունավետ երկխոսություն է ունեցել կարևոր գործընկերոջ հետ: Հանդիպումը սկսելիս Լավրովն ընդգծել է, որ վերջին մեկ տարում Ջոն Քերիի երրորդ այցն է Ռուսաստան: Նա հույս է հայտնել, որ այցը կնպաստի ռուս-ամերիկյան համագործակցության ընդլայնմանը: Քերին նախ խոսել է Սիրիայից, ասել, որ թեև հրադադարը դեռ փխրուն է, սակայն Սիրիայի ճգնաժամի հարցում կա առաջընթաց: Պետքարտուղարը նաև ասել է, որ Սիրիայի հարցով Վաշինգտոնն ու Մոսկվան ակտիվ համագործակցել են: «Հնարավոր չէ ժխտել, որ այդ աշխատանքը որոշակի արդյունք է տվել»,- ասել Քերին՝ հավելելով, որ Սիրիայի հակամարտությանը պետք է վերջ տալ. «Հույս ունեմ, որ մենք ճանապարհ կգտնենք համագործակցելու տարածաշրջանի այլ մարտահրավերների՝ Եմենի, Լիբիայի շուրջ»: Անդրադարձ է եղել նաև Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչությանը: Քերին ասել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորն անի՝ ահաբեկչությանը վերջ տալու համար: Հանդիպմանը նրանք նաև կատակել են: Քերին Լավրովին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, նրան «էլ ավելի մեծ իմաստություն» մաղթել, Լավրովը պատասխանել է՝ «Եթե տարիքի հետ կապված լիներ իմաստությունը, Քերին շատ ավելի իմաստուն է, քան ինքը»: