Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։ «Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները, որոնց ժամանակ քննարկեցինք մեր երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Մեր երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր: Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը լավ հիմք են` երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Պայմանավորվեցինք առավել ակտիվացնել երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները», - ասաց Նալբանդյանը։ Նա նշեց, որ մտքեր են փոխանակել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, խոսել ակտիվ միջխորհրդարանական համագործակցության մասին։ «Իմ վրացի գործընկերոջ հետ քննարկեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հարցեր», - ասաց ՀՀ արտգործնախարարը: Նալբանդյանն ընդգծեց, որ շարունակվում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով։ «Ես գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։ Կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը», - ասաց արտգործնախարարը։