Հորդանանի թագավոր Աբդալլա II իբն Հուսեյնը ԱՄՆ կոնգրեսմեններին պատմել է Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման հարցում «արմատական իսլամիստների» վրա Անկարայի խաղադրույքի մասին, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականի տրամադրության տակ է Հորդանանի միապետի զրույցի ձայնագրությունը ամերիկյան բարձրաստիճան օրենսդիրների հետ՝ ներառյալ սպառազինության հարցերով Սենատի կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել 2016-ի հունվարի 11-17-ը: Միապետի խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «հավատում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են արմատական իսլամիզմի մեթոդներով»: «Այն փաստը, որ ահաբեկիչներն ուղարկվում են Եվրոպա, թուրքական քաղաքականության մաս է: Շարունակում են Թուրքիայի ձեռքը սեղմել, որ նա ջրից չոր է դուրս գալիս»,- ասված է փաստաթղթում: «Խնդիրը ԴԱԻՇ-ից ավելի մեծածավալ է, դա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- մեջբերում է պարբերականը ձայնագրությունը: