Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի հրամանատարը բարձրություն հավաքելու ժամանակ անջատել է ավտոպիլոտը, որից հետո ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը և ի վերջո կործանվել է: Այդ են վկայում գետնին բախվելուց առաջ վերջին վայրկյաններին օդաչուների խոսակցությունների վերծանման տվյալները, որոնք հայտնվել են «Վեստի»-ի տրամադրության տակ:
Լրագրողները փորձել են վերստեղծել կատարվածի պատկերը:
«Հավաքում ենք 50»,- ասում են օդաչուները: Ենթադրաբար, դա կարող էր նշանակել 1500 մ էշելոն գնալ: Հետո Boeing-ը բարձրանում է 15 աստիճան անկյան տակ, բարձրության հավաքումը 40 վայրկյան շարունակվում է ավտոմատ վիճակում:
Լրագրողների վարկածով՝ էշելոնին չհասած՝ հրամանատարն անջատել է ավտոպիլոտը, ինչից հետո Boeing-ն արագ ներքև է իջել: Միաժամանակ, խցիկում հնչող վերջին բառերը եղել են. «Մի անհանգստացիր, քաշիր»:
«Վեստի»-ն նշում է, որ անհասկանալի է մնում, թե ինչու է պիկի ռեժիմում միացել կայունացուցիչը: Ըստ լրագրողների՝ օդաչուն կարող էր պատահաբար դիպչել դրա փոխարկիչին և չնկատել հոգնածության պատճառով: Մարտի 19-ին Fly Dubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Դուբայից, վայրէջքի ժամանակ ընկել է Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղուց ձախ գտնվող հատվածում։