ՌԴ-ի համար գլխավոր ռազմավարական սպառնալիքը ԱՄՆ-ի քաղաքականությունն է` ուղղված նրա թուլացմանն ու ամերիկամետ ռեժիմներով շրջապատմանը, ասվում է «2016-ի միջազգային սպառնալիքները» զեկույցում, որը մարտի 29-ին հանրությանն են ներկայացրել «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբը և «Արտաքին քաղաքականություն» գործակալությունը: «Թույլ, մայր ցամաքի խորքում կծկված Ռուսաստանը լուրջ տնտեսական մրցակից չի լինի և չի կարողանա ուժի այլընտրանքային բևեռ ձևավորել Եվրասիայում: Թույլ Ռուսաստանը կվախենա չինական էքսպանսիայից և ստիպված կլինի ԱՄՆ-ի գործընկերը դառնալ նրա 21-րդ դարի կարևորագույն նախագծում, որը Չինաստանի զսպումն է»,- ասվում է զեկույցում: Զեկույցը նախապատրաստել են մի խումբ ռուս փորձագետներ, այդ թվում` նախկին հետախույզ Անդրեյ Բեզրուկովը: Զեկույցի հեղինակներից մեկը` «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը, պարզաբանել է, որ այժմ փաստացի երկու մոտեցում կա ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության գնահատման վերաբերյալ: Մեկի կողմնակիցները համարում են, որ ԱՄՆ-ն նպատակ է դրել թուլացնել Ռուսաստանը, մյուսները կարծում են, որ, հետապնդելով սեփական նպատակները, ամերիկացիներն անուղղակի վնասում են ՌԴ-ի շահերին, գրում է «Իզվեստիան»: Քաղաքագետները համարում են, որ Ռուսաստանը Սիրիայում իր օդուժի հաջողության շնորհիվ սկսել է նոր modus operandi գտնել Արևմուտքի հետ հարաբերություններում: Սիրիական արշավի ավարտին Մոսկվան կպահպանի բարեհաճ ռեժիմը Սիրիայում, կամրապնդի ռազմածովային բազան Միջերկրական ծովում և առաջնությունը գազի արդյունահանման նախագծերում Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում: «ՌԴ-ն որպես առաջատար ուժ կամրապնդվի Մերձավոր Արևելքում»,- գրում են փորձագետները: Զեկույցի հեղինակները մասնակցությունը սիրիական հակամարտությանը կապում են նաև ռիսկերի հետ` մասնավորապես, Թուրքիայի հետ ռազմական բախման ռիսկի, որը «կարող է վերածվել 21-րդ դարի առաջին պատերազմի», որտեղ չեն լինի ռազմաճակատ ու մեծաքանակ զոհեր, բայց կխոցվեն տիեզերական արբանյակներ, կապի համակարգեր, լոգիստիկ հանգույցներ և ինտերնետը: «Փոփոխություններ են կատարվում մինչև 2020 թ. ՌԴ պաշտպանության պլանի մեջ: Անցկացվում են զորավարժություններ, որտեղ մշակվում է Թուրքիայի հետ բախման սցենարը: Թուրքերը ևս զորավարժություններ են անում, պահուստայինների հավաք կազմակերպում»,- պարզաբանել է Անդրեյ Սուշենցովը: Սիրիայի հետ կապված մեկ այլ սպառնալիքը ՌԴ-ի ներքաշումն է սուննիների և շիաների դիմակայության մեջ Իրանի կողմից: Առանձին տեղ է հատկացված ահաբեկչական սպառնալիքին իսլամիստ ծայրահեղականների կողմից, որը չի անհետանա նույնիսկ Սիրիայում ջիհադականներին վերջնականապես հաղթելու դեպքում:
2016-ին ռիսկերը կապված են առաջին հերթին Միջին Ասիայի պետություններից մեկի կոլապսի և նրա տեղում ջիհադական կվազիպետության առաջացման հետ: Ըստ փորձագետների, հատկապես խոցելի է Տաջիկստանը:
2016-ի սպառնալիքների թվում են նաև նրանք, որոնք ակնհայտ չեն շարքային քաղաքացիների համար, քանի որ հազվադեպ են լուսաբանվում ԶԼՄ-ներում: Առաջին հերթին դա վերաբերում է իրավիճակի հնարավոր սրմանը Լեռնային Ղարաբաղում: Վերջին շրջանում այնտեղ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, այդ թվում` հրետանու կիրառմամբ, իսկ հակամարտության կողմերն իսկական սպառազինության մրցավազք են բացել: Իրադարձությունների նման զարգացումը կարող է կտրուկ հակադրել Մոսկվայի և Բաքվի շահերը` ընդհուպ մինչև միջամտություն պատերազմին Երևանի կողմից և 2008 թ. «վրացական սցենարի» կրկնություն: Իսկ դա հղի է հարաբերությունների էլ ավելի վատթարացմամբ Թուրքիայի հետ, քանի որ Մոսկվան ու Անկարան սատարում են հակամարտության տարբեր կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին:
Անմիջական սպառնալիքների թվում չկա ՈՒկրաինան, որը, ըստ փորձագետների, անցնում է սառեցված հակամարտությունների շարքը: