Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով արդեն ԱՄՆ-ում է: Նա Վաշինգտոնում կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, Մերիլենդ նահանգում մզկիթի և Թուրք-ամերիկյան մշակութային կենտրոնի բացմանը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Էրդողանին առանց ուշադրության են թողել: Փոխարենը Թուրքիայի նախագահին ողջունելու են եկել մեծ թվով հայրենակիցներ՝ թուրքական դրոշներով ու ողջույնի պաստառներով: Հյուրանոցի մուտքի մոտ հավաքված ամբոխը նրան բարի գալուստ է մաղթել և շնորհակալություն հայտնել սիրիացի փախստականներին աջակցության համար: Էրդողանի ԱՄՆ կատարած այցի օրերին Թվիթերում մեծ տարածում է գտել «Մենք սիրում ենք Էրդողանին» անգլերեն հաշթեգը: Մի քանի բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, այդ թվում` «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը, հաշթեգը օգտագործել են իրենց գրառումներում՝ աջակցություն հայտնելով Թուրքիայի նախագահին: Էրդողանի ամերիկյան այցի ամենաքննարկվող թեման նախագահ Բարաք Օբամայի հետ նրա հանդիպել-չհանդիպելու հարցն է: Ամերիկյան Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ, Օբաման առանձին հանդիպում չի ունենալու Էրդողանի հետ: ԱՄՆ նախագահը մերժել է Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը մասնակցելու առաջարկը։ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, Էրդողանի հետ չհանդիպելու որոշումը չի նշանակում, որ նա չի կարևորում իր թուրք գործընկերոջը: Նրանք ընդգծել են, որ երկու նախագահները վերջին անգամ հանդիպել են նոյեմբերին, Անթալիայում, «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ, հեռախոսել են անցած ամիս: Էրդողանը, մինչդեռ, հայտարարել է, որ նախագահ Օբամայի հետ երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, նախատեսվում է: