Թուրքիայի քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտի՝ «ՀաբերԹյուրք» հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Նաջի Քորուն: «Ամենաուշը հուլիսի 1-ին եվրոպական 26 երկրների դռները կբացվեն մեր քաղաքացիների առաջ, և ուղևորությունները կդառնան առանց վիզայի։ Թուրքիայի քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտում գտնվել մինչև 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում»,- ասել է նա։ Առանց վիզայի ռեժիմի անցման համար ԵՄ-ի 72 պահանջները պետք է իրականացվեն մինչև մայիսի 4-ը։ «Վերջին 10 օրում ընդունվել է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, որի շնորհիվ մենք անմիջապես սկսել ենք համապատասխանել այդ չափորոշիչներից հինգին կամ վեցին»,- հայտնել է պաշտոնյան: Թուրքիան դեռ պետք է կատարի 72 պահանջից մոտ 30-ը: Սպասվում է, որ մայիսի 4-ին Եվրախորհուրդը կներկայացնի Թուրքիայի կողմից վիզային ռեժիմի չեղարկման համար անհրաժեշտ պայմանների կատարման եզրափակիչ զեկույցը: Եթե նշվի, որ Անկարան կատարել է պահանջները, իսկ Եվրախորհրդարանը հավանության արժանացնի փաստաթուղթը, ԵՄ-ն և Թուրքիան կսկսեն վիզաներից փաստացի հրաժարման պատրաստությունները: