Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում կազմակերպելուն ուղղված թուրք պաշտոնյաների ջանքերը արդյունք չեն տվել, գրում է թուրքական «Ջումհուրիյեթը»։ Անձնական ինքնաթիռով Վաշինգտոնում վայրէջք կատարած Էրդողանին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։ Նրան դիմավորողների թվում ոչ մի ամերիկացի պաշտոնյա չի եղել, դա դիտարկվում է Վաշինգտոնի կողմից Անկարային ուղղված մեսիջ։ Էրդողանը հյուրանոցում հանդիպել է գիտնականների հետ։ Հանդիպմանը ներկա չի եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգնականը, թեպետ պայմանավորվածություն կար, որ պիտի գար։ «Օբաման անգամ օգնականին չուղարկեց Էրդողանի մոտ»,- նշում է պարբերականը՝ նկատելով, որ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա է եղել Օբամայի նախկին օգնական, Սպիտակ տան Միջազգային անվտանգության խորհրդի և Եվրոպայի հարցերով նախկին ղեկավար Քարեն Դոնֆրայդը։ Այդ հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Սեմա Ռամազանօղլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, սպորտի և երիտասարդության նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը։