Մեծարգո պարոն նախագահ, այս տարվա փետրվարի 12-ի Ձեր ելույթն աննախադեպ էր. Դուք բարձրաձայնեցիք թե՛ երկրի, թե՛ հայության առջև ծառացած խնդիրները: Առանձնակի ողջունելի է հայության ամբողջական կյանքով ապրելու Ձեր հնչեցրած հրամայականը: Ի լրումն ցեղասպանության հիշատակման և պահանջատիրության, մենք պարտավոր ենք խոսելու ցեղասպանության պատճառով մեր ազգի փլուզված հավաքականությունը վերականգնելու, ամբողջական հայրենիքում միասնական կյանքով ապրելու հայության անբեկանելի իրավունքի մասին՝ որպես այսօրվա վտանգված աշխարհում հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, նաև մեր ազգային մեծագույն ակնկալիքները միջազգայնորեն իրականություն դարձնելու երաշխիք: Սա հայությանը միավորող գաղափար է, գերնպատակ, որը վեր է անձնական և քաղաքական շահերից: Այս առաքելությունը իրականություն դարձնելու որպես առաջին քայլ առաջարկում ենք Ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Մարզահամերգային համալիրում նպատակային կերպով պարբերաբար կազմակերպել համազգային նշանակության միջոցառումներ, համաժողովներ, փառատոներ, հետագայում համալիրը վերածելով հայ ժողովրդի վերածնության խորհրդանիշի՝ որպես համայն հայության բյուրեղացած նպատակները կյանքի կոչելուն միտված միասնական կամքի գործուն արտահայտություն: Այդ կենտրոնում կարելի է ձևավորել մեր երազած երկրի մշակույթին վայել ստեղծագործական միավորումներ, որտեղ հիմնական ներուժը կլինեն գիտակ մարդիկ և երիտասարդներ Հայաստանից և Սփյուռքից: Կարելի է նաև ներկայացնել երկրի քաղաքակրթական նկարագրին հարիր ազգային արվեստի բարձրարժեք գործեր, ինչպես նաև համաշխարհային արժեքի նմուշներ։ Կարևոր այս կառույցի, որը հետագայում կվերածվի Համահայկական տան, գործունեությունը պատշաճորեն համակարգելու համար կարելի է ձևավորել հոգաբարձուների համահայկական խորհուրդ: Այս նախաձեռնությունը կդառնա համայն հայության ստեղծագործական ներուժը համատեղելու հզոր ազդակ, ինչի կարիքը խստորեն զգացվում է:
Վիկտոր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,տեխնիկական գիտությունների դոկտոր
Սաթենիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, մշակութաբան
Բորիս ՉԹՉՅԱՆ, ակադեմիկոս
Լյուդվիգ ՂՈՒԿԱՍՅԱՆ, դոցենտ
Արմո ԱՌԱՔԵԼՅԱՆ, նկարիչ