ԱՄՆ-ում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ: Նա ամերիկացի համանախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումների վրա։ «Բաքուն, անտեսելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սուրբ Զատիկի նախաշեմին և օրերին»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի սադրանքները օրինաչափություն են դարձել։ «Նույնը կատարվում է բանակցային գործընթացում։ Եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, այժմ, հավանաբար, տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը»։ Արտգործնախարարը շեշտել է, որ դա բանակցային գործընթացի և համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձ է։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։