Աշխարհը «սողոսկում» է միջուկային նոր դարաշրջան, որը պոտենցիալ առումով առավել վտանգավոր ու անկանխատեսելի է՝ Քարնեգիի հիմնադրամի շտաբ-բնակարանում ամերիկացի հասարակական ու քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նրա խոսքով՝ մարդկությունը 21-րդ դարում հույսեր է դրել խաղաղության ու գլոբալ համագործակցության նոր ժամանակաշրջանի վրա, սակայն ավելի կայուն ու անվտանգ աշխարհակարգ կառուցելու պատմական բացառիկ հնարավորությունը բաց է թողնված. «Աշխարհին կրկին սպառնում է վտանգ, որը չի կարելի թերագնահատել։ Դա գլոբալ մասշտաբի մահաբեր պատերազմի սպառնալիք է»։ Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ 1968-ին ստորագրված միջուկային զենքի չտարածման պայմանագիրը չի կատարում իր նշանակությունը, և 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը միջուկային ահաբեկչության սպառնալիքն է, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը. «Աշխարհը սողոսկում է միջուկային նոր դարաշրջան, որը պոտենցիալ առումով ավելի վտանգավոր ու անկանխատեսելի է»։