ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է լրատվամիջոցների լուրերը, որ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ արաբական «Ալ-Հայաթը» հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մի քանի արաբական երկրների ղեկավարներին տեղեկացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնության մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կլքի պաշտոնը և կտեղափոխվի այլ երկրի: Մարտի 31-ին Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ տեղեկությունը անվանել է իրականությանը չհամապատասխանող:
Սերժ Սարգսյանն ու Բարաք Օբաման կարճատև զրույց են ունեցել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև զրույց են ունեցել Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ:
Վաշինգտոնում ապրիլի 1-ին սկսվել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՈՒոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր մակարդակի նախորդ համաշխարհային հավաքի ժամանակ մշակված համատեղ քայլերի կենսագործման նպատակով իրականացվող աշխատանքները` համաձայն ընդունված կոմյունիկեի և աշխատանքային պլանի, նոր մարտահրավերները միասնաբար դիմակայելու, միջուկային ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու, դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմները: