Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Նրանց ներկայացվել է Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և սպասելիքները: ՊՆ առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը: