«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան գտնում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի: «Լիահույս եմ, որ միջազգային հանրության, Եվրոպական միության արձագանքը և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների սառը դատողությունը կկանխարգելեն Եվրոպայում նոր պատերազմի մեկնարկը»,- շեշտեց Օչոան: Նրա խոսքով՝ սա ևս մեկ վկայությունն է, որ ադրբեջանական վարչակազմը հանձնառություն չունի խաղաղ կարգավորմանը, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած նախաձեռնություն, հրադադարի խախտումների վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը շփման գծում, որն առաջարկվել էր դեռևս 2012թ-ին:
Օչոան հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն իր վերջին բանաձևերից մեկում արդեն առաջարկել էր կիրառել պատժամիջոցներ ադրբեջանական վարչակազմի նկատմամբ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կիրառել այդ բանաձևը: Ի վերջո, կցանկանայի իմ անկեղծ ցավակցությունները հայտնել այս ահավոր հարձակումների զոհերի ընտանիքներին»,- եզրափակեց Էդուարդո Լորենցո Օչոան: