Լեռնային Ղարաբաղը հակադարձում է՝ «շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների արկակոծումներով»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերն «ամենակործանիչ հարվածներն են հասցրել հայկական զորքերին՝ 1994 թվականից ի վեր»: «Ես կարծում եմ՝ ապրիլի 2-ը լավ դաս կլինի նրանց համար»,- Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Ալիևն ու շարունակել՝ «Եթե հայ զինվորները չեն ուզում մահանալ, պետք է լքեն Ադրբեջանի հողը: Մենք չենք զավթում ուրիշի հողը»: Ալիևը հերթական անգամ հայկական կողմին մեղադրել է «զավթած տարածքներում ադրբեջանական պատմական և կրոնական հուշարձաններն ավերելու» մեջ, վերհիշել է նաև «Խոջալուի դեպքերը»: Ադրբեջանի ղեկավարը նաև ասել է, թե հակված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, մտադիր չեն գնալ «բանակցությունների՝ հանուն բանակցությունների»: «Մենք չենք ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի մայրերը լաց լինեն իրենց մահացած որդիների համար: Բայց մենք պահանջում ենք մեր իրավունքները»,- ասել է Ալիևը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Իլհամ Ալիևը, «սադրանքի» մեջ մեղադրելով հայկական կողմին, հայտարարել է՝ «այդ սադրանքը մեր բանակից ստացել է արժանի պատասխան, թշնամին ցնցված է ստացած հարվածից»: Ալիևը նաև հայտարարել է, թե ադրբեջանական կողմին «հաջողվել է գրավել առավել ձեռնտու դիրքեր»: Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը խոսել է ոչ միայն «դիրքերի ամրապնդման», այլև «պատերազմական հաղթանակի» մասին: «Սրանից հետո թշնամու ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, թշնամին կստանա արժանի հակահարված», - ասել է Իլհամ Ալիևը: