ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Իրանի աջակցությունը Սիրիայում և Եմենում հակամարտությունների դադարեցմանը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 7-ին Բահրեյնում մամուլի ասուլիսում։ «Իրանը պարտավոր է օգնել՝ դադարեցնելու Սիրիայի և Եմենի հակամարտությունները»,- ասել է Քերին: Նա ժամանել Է Բահրեյն՝ Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրները և ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը: Նա նշել է, որ արաբական աշխարհում Իրանի գործողությունները հարուցում են ԱՄՆ-ի անհանգստությունը, Վաշինգտոնը հորդորում է Թեհրանին «դադարեցնել հակամարտությունների հրահրումը տարածաշրջանում»: Քերին ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական են և հենվում են ընդհանուր շահերի վրա: Բահրեյնի արտաքին գործերի նախարարն Իրանին մեղադրել է, որ «չի ցանկանում հետևել բարիդրացիության կանոններին և տարածաշրջանի երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին»: Հունվարի սկզբին Բահրեյնը ու ևս հինգ երկրներ, որոնք մտնում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ, դադարեցրել են դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ այս երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումներից հետո, որոնք հրահրվել էին թագավորությունում շիա հայտնի քարոզիչ Նիմրա ան Նիմրայի մահապատժով։