ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան մտադիր է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ՝ Բաղդադում ապրիլի 8-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Կոալիցիան կշարունակի հարվածել ԴԱԻՇ-ի պարագլուխներին՝ նշել է Քերին և ընդգծել, որ «առաջնահերթությունների թվում է» Մոսուլի ազատագրումը, որը գտնվում է ծայրահեղականների ձեռքում: Նրա խոսքով՝ Իրաքի համար շատ կարևոր պահ է, երբ կան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ավելի շատ հաջողություններ, բայց երկրում պահպանվում է քաղաքական մեծ անորոշությունն ու անկայունությունը: Քերին նշել է, որ Իրաքի կառավարությունը պետք է «միավորի և վերածնի երկիրը, վերադարձնի ԴԱԻՇ-ի գրավված տարածքները»: Առանցքային կդառնան սուննիներով բնակեցված շրջաններում կարգուկանոնի վերականգնման ջանքերը՝ ԴԱԻՇ-ից ազատագրելուց հետո: