ԵԱՀԿ-ի եռյակը Բեռլինում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ուկրաինայի հարցը՝ ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում։ ԵԱՀԿ-ի եռյակի կազմում կառույցում նախորդ տարի նախագահած Սերբիան է, նախագահող Գերմանիան, 2017-ին նախագահող Ավստրիան։ Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Սերբիայի և Ավստրիայի արտգործնախարարները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։ Նրանք Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել բռնություններն ու հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, ընդգծել են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ Եռյակի հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակի ապասրացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումն առաջնային նշանակություն ունեն։