Որոշ երկրներ տհաճությամբ են ընդունում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը, որի արդյունքներից մեկը դարձավ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին միջազգային քաղաքականության հարցերով Խաղաղօվկիանոսյան խորհրդում ելույթում: «ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ջանում են վերջ դնել Սիրիայի սարսափելի հակամարտությանը, որտեղ զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, միլիոններն էլ զրկվել են տանիքից: Վերջին ժամանակներս մեզ հաջողվեց նվազեցնել բռնությունների մակարդակը և ընդլայնել հումանիտար օգնության հասանելիությունը ժողովրդին: Հնարավոր է, ի դժգոհություն որոշ երկրների, դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի սերտ համագործակցության շնորհիվ»,- ասել է նա: