Ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը Benjamin Franklin Book Awards մրցանակաբաշխության բարձրագույն պարգևի է արժանացել` որպես անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք։ Ապրիլի 8-ին Սոլթ Լեյք Սիթիում կայացած մրցանակաբաշխության կազմակերպիչն է եղել ԱՄՆ-ի անկախ հրատարակիչների ընկերակցությունը: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի մասին գիրքը այս մրցանակաբաշխության բարձրագույն պարգևին է արժանանում: Մրցույթին մասնակցել է 2015-ին հրատարակված 1.400 գիրք: Մեթյու Քարանյանի գիրքը պատմում է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին ու զարդարված է 125 գունավոր լուսանկարներով, քարտեզներով: Մրցանակաբաշխության գալա երեկոյի ժամանակ 250-ից ավելի հեղինակների ու հրատարակիչների ներկայությամբ հայազգի հեղինակին է հանձնվել ոսկե մեդալը: «Հայաստանը համարյա թե ավերվել էր 1915-ի ցեղասպանությունից հետո, բայց մեր ազգը գոյատևեց, և այս գիրքը փառաբանում է այդ գոյատևումը»,- մեդալը ստանալով՝ ասել է հեղինակը։