Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Հանդիպմանը քննարկվել է անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել առաջիկա բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները։ Զրուցակիցներն անդրադարձել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի «Հյուսիս-Հարավ» մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։ Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների և Չինաստանի միջև համագործակցության զարգացման հարցեր։ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը: Վան Ին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը: Նալբանդյանը վերահաստատել է Մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի սկզբունքային մոտեցումը։ Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքի զարգացումներին, կարևորել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը՝ Վան Ին նշել է, որ ուրախ կլինի այցելել Երևան։