Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԻՀԿ-ն պետք է ազդի Պաղեստինի, Ղարաբաղի, Ղրիմի ազատագրման խնդիրների լուծման վրա

ԻՀԿ-ն պետք է ազդի Պաղեստինի, Ղարաբաղի, Ղրիմի ազատագրման խնդիրների լուծման վրա
16.04.2016 | 19:48

Ստամբուլում ավարտվեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովը: Երկօրյա համաժողովում, որին մասնակցում էին 56 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, իսլամական աշխարհի մարտահրավերների թվում անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Գագաթնաժողովի բացմանը ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Իյաթ Մեդենին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին, հայտարարեց. «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Ղարաբաղը: Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն կարող խախտվել»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս իր խոսքում ընդգծեց, որ ԻՀԿ-ն պետք է օգտագործի իր միջազգային հեղինակությունը և ազդի «օկուպացիայի տակ գտնվող Պաղեստինի, Ղարաբաղի, Ղրիմի ազատագրման և մահմեդական փոքրամասնությունների խնդիրների լուծման վրա»՝ կոչ անելով այդ հարցերում որդեգրել միասնական դիրքորոշում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԻՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հարցում կազմակերպության նախաձեռնողականության անհրաժեշտությունը՝ առաջարկելով հատուկ կոնտակտային խումբ ձևավորել:
Իսլամական աշխարհի համար մեծ կարևորություն ունեցող գագաթնաժողովը հյուրընկալած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ելույթ ունենալով փակման արարողությանը, վերահաստատեց Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում. «Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին իրենց պայքարում, որը նրանք մղում են շուրջ 25 տարի հայերի կողմից օկուպացված հողերի ազատագրման համար: Չնայած ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի օգտին ընդունված բանաձևերին, հարցը լուծում չի գտնում: Ես չեմ հասկանում, թե ինչու Մինսկի խումբը վերջակետ չի դնում այս խնդրին»:
Ըստ «Անադոլու» գործակալության, Էրդողանը երկկողմ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հետ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ստամբուլում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ամրապնդմանը, երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր: ԻՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ղազախստանում:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ