ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը ներողություն է խնդրել գերմանական Süddeutsche Zeitung թերթից, որի սեփականատեր էր Պուտինն անվանել ամերիկյան Goldman Sachs բանկին։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա իր սխալն է անվանել։ ՌԴ քաղաքացիների հետ ամենամյա «ուղիղ կապի» ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հոլդինգը, որի մեջ մտնում է թերթը, պատկանում է Goldman Sachs-ին։ «Դա հավանաբար մեր սխալն է, հավանաբար իմ սխալը, նրանց, ովքեր տեղեկություններ են պատրաստել։ Իսկապես սխալ տեղեկատվություն է եղել, որը չենք ստուգել և ներկայացրել ենք նախագահին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ Պուտինը, մեկնաբանելով «պանամական թղթերը», հայտարարել էր. «Առաջինը որտե՞ղ է հայտնվել՝ Süddeutsche Zeitung-ում» և շարունակել, որ թերթը «մտնում է մեդիա հոլդինգի մեջ, իսկ այդ մեդիա հոլդինգը պատկանում է ամերիկյան ֆինանսական Goldman Sachs կորպորացիային, այսինքն՝ ամեն ինչի հետևում պատվիրատուների ականջներն են երևում»։