Համաշխարհային տնտեսությունում պահպանվում են «ռիսկի և անորոշության գործոնները»՝ ասվում է Մեծ քսանյակի կոմյունիկեում, որը տարածվել է Վաշինգտոնում։ Փաստաթղթում նշվում է, որ իրավիճակը բարդանում է աշխարհաքաղաքական հակամարտություններով, ահաբեկչությամբ, փախստականների հոսքերով ու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքով։ Փաստաթուղթն ընդունվել է G20-ի ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով, որը նվիրված է եղել ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին։ Տագնապալի նախազգուշացումների հետ մեկտեղ՝ ֆինանսիստները փաստում են, որ գլոբալ տնտեսական առողջացումը շարունակվում է, և ֆինանսական շուկաները հիմնականում հաղթահարել են նախկինում կրած կորուստները՝ Շանհայում խմբի փետրվարյան հանդիպման ժամանակից։ Հայտարարությունում նշվում է, որ աճը մնում է համեստ և անհավասար։ Գլոբալ տնտեսական հեռանկարների համար անորոշության գործոնները պահպանվում են ֆինանսական տատանողականության, հումքային ապրանքներ արտահանող երկրների համար մարտահրավերների ու ցածր սղաճի ֆոնին։ Քսանյակի երկրները խոստանում են զերծ մնալ իրենց արժույթների մրցակցային արժեզրկումից։