ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը նպաստելու վճռականությունը, քննարկել իրավիճակը Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ հայտնում է ՌԴ ԱԳ-ն: «Ուշադրության կենտրոնում սիրիական հակամարտության խնդիրներն էին: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաստատել են վճռականությունը` այսուհետ էլ նպաստել Սիրիայում համատեղ ուժերով ձեռք բերված հրադադարի ռեժիմին, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի, ապահովել շրջափակված շրջանների խաղաղ բնակչությանը օգնության բեռների մատակարարումը», — ասված է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները Սիրիայում դիմակայող կողմերին կոչ են արել չձեռնարկել քայլեր որոնք «հակասում են այդ ընկալումներին, գործել մարդասիրական իրավիճակի թեթեւացման ուղղությամբ», հավելում է ԱԳՆ-ն: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային այժմեական հարցեր, ներառյալ Դոնբասի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: