Այն կարևոր դերը, որ խաղացել են քրդական ինքնապաշտպանական ջոկատները ահաբեկչության դեմ պայքարում, քաղաքական ուժերի ամենալայն շրջանակներում պատրանք է ստեղծել Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքում անկախ Քրդստանի ստեղծման հնարավորության վերաբերյալ:
Սպասվում է, որ քրդական պետությունը պարգև կդառնա նրանց կյանքի դիմաց, ովքեր թնդանոթի միս դարձան այն երկրների համար, որոնք չցանկացան իրենց զինվորներին ուղարկել Սիրիա: Այնուամենայնիվ, նոր պետության ստեղծումը կախված է ոչ թե նրա բնակիչների կամքից, այլ՝ կընդունե՞ն մյուս պետությունները այդ փաստը:
Քրդերի անկախության ճանապարհի խոչընդոտները
Օբամայի վարչակազմի մերժումը: Ակնհայտ է, որ առանց գերտերության համաձայնության ոչ մի ժողովուրդ, որքան էլ բազմաքանակ լինի և տառապած, չի կարող պետականություն ձեռք բերել: Իրաքում Քրդական ինքնավար մարզը 1991-ին ստեղծեց հենց ԱՄՆ-ը: Այդ փոքրիկ պետությունը, սակայն, ազգային ինքնավարությունից զուրկ էր և ամբողջովին ենթարկվում էր Վաշինգտոնին:
Անցյալ տարվա նոյեմբերին, երբ իրաքցի քրդերը ԴԱԻՇ-ից ազատագրեցին նավթահումքով հարուստ Քիրկուկ քաղաքը, Քրդական ինքնավար մարզի նախագահ Մասուդ Բարզանին դիմեց ԱՄՆ-ին՝ մարզին անկախություն հռչակելու իրավունք տալու խնդրանքով, սակայն Օբաման մերժեց: Պատճառները մի քանիսն էին.
քաղաքական ծախսերը հնարավոր շահույթից ավելին էին: Այդ քայլը կփչացներ Թուրքիայի հետ հարաբերությունները, որը սպառնում է փակել Ինջիրլիքի ռազմաբազան, եթե ԱՄՆ-ը ձախ քրդական կուսակցությունը չընդգրկի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ Օբաման չի կարող լարվածության նոր օջախ ստեղծել: Բաղդադի հետ հարաբերությունների կտրուկ սրումը ավելի կբարդացնի տարածաշրջանի ճգնաժամը, և քրդական ինքնավարությունը ընդհանրապես կկորցնի իր կարգավիճակը:
Եթե Թուրքիան հարձակվի Քրդստանի վրա, հայտնի չէ, թե ում կաջակցի Վաշինգտոնը, չէ՞ որ խորամանկ Էրդողանը հեռացավ քրդերին թրքացնելու հին քաղաքականությունից և անցկացրեց իսլամացնելու քաղաքականություն՝ հեռացնելով քրդերին ազգային ուժերից, մասնավորապես ձախ ուժերից:
Էրդողանի կրոնական բռնապետությունը, որն առանց աչք թարթելու հրետակոծում է սիրիացի մահմեդականներին, կարողանում է հրաշալի հարաբերություններ ունենալ Իրաքի Քրդական ինքնավար մարզի ֆեոդալական ռեժիմի հետ և օրական 600 հազար բարել նավթ է ստանում, հիմա էլ օգտվում է կառուցման փուլում գտնվող Սիրնաք ռազմավարական գազատարից, որ միացնում է Քրդական ինքնավար մարզը Թուրքիայի հետ:
Թուրքիայի հրահրած փախստականների երկրորդ ճգնաժամի պատճառներից մեկը խանգարելու փորձերն էին՝ ուղղված ձախ հայացքների կողմնակից քրդերի կողմից Սիրիայում ինքնավար մարզ ստեղծելուն: Այդ տարածքում ոչ թռիչքային գոտի կստեղծվի, որտեղ կտեղավորեն Եվրոպայից անօրինական արտաքսված սիրիացի փախստականներին:
Իրաքը, ինչպես ցանկացած այլ երկիր, չի ուզում կորցնել իր տարածքները: Նավթի պաշարներով աշխարհում չորրորդ տեղը զբաղեցնող Իրաքը, որ դաշնակցային հարաբերությունների մեջ է Իրանի հետ, միանգամայն ունակ է Արևմուտքին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին համոզելու հրաժարվել իր երկիրը մասնատելու փորձերից:
Իրանը նույնպես չի համաձայնի քրդական պետության ստեղծմանը, քանի որ Սիրիան այժմ կորսված է Իրանի համար, և նա փորձում է քաղաքական դաշինքն ամրացնել Բաղդադի հետ:
Քրդստանի պետություն ստեղծելու ջանքերը այժմ հենվում են միայն Բենիամին Նեթանյահուի վրա: Հասարակ քրդերը, սակայն չպետք է մոռանան՝ ինչպես էր Իսրայելը քրդերին օգտագործում իր սահմանները պաշտպանելու համար:
Ներքրդական խնդիրները
Քրդստանի պետությունը, որի հիմքում ոչ թե ազգ կլինի, այլ տոհմացեղային հասարակություն, լուրջ հակառակորդներ ունի քուրդ ժողովրդի ներսում: Քրդերին անջատող գործոններն ավելի շատ են, քան միավորողները: Բացի լեզվական, մշակութային, քաղաքական և կրոնական բազմազանությունից՝ կա ևս մեկ գործոն՝ հարուստների և աղքատների տարանջատումը: Իրաքյան Քրդստանի ինքնավար մարզի կոռումպացված իշխանությունը մսխում է նավթից գոյացած փողերը՝ աշխատավարձ չվճարելով հազարավոր քրդերի: Իշխանությունը արդեն խոստովանում է, որ Քրդստանի անկախ պետությունը կենսունակ չի լինի:
Սիրիայի քրդերը ցրված են տարբեր տարածքներում, նրանք տասնհինգ կուսակցություն ունեն և ձգտում են ոչ թե ինքնավարության, այլ Հյուսիսային Սիրիայի Կոնֆեդերացիա ստեղծելուն, որի մեջ կմտնեին Սիրիայի ազգային և կրոնական փոքրամասնությունները: Քրդական ցեղերի խոր հակասությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես քրդերը դուրս կգան թուրքերի, արաբների և պարսիկների ճնշման տակից և կդառնան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատանդները և տիկնիկները: Թե՞ կփոխարինեն ներկա արտասահմանյան օլիգարխիան քրդականով: Քրդերը երբեք այսքան ուժեղ չեն եղել, և ցանկացած անխոհեմ քայլ կարող է զրոյի հավասարեցնել նրանց բոլոր ձեռքբերումները: Հնարավոր է, որ լավագույն լուծումը դաշնայնացումը լինի: