Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի քաղաքաշինության նախարար, ազգությամբ թուրք Մեհմետ Կապլանի պաշտոնանկության մասին։ Վարչապետը նշել է, որ նախարարը պետք է կարողանա ներկայացնել Շվեդիան առանց որևէ կասկած հարուցելու։ Այս քայլով Շվեդիայի կառավարությունը արձագանքեց վերջին շաբաթում հասունացած ներկառավարական ճգնաժամին, երբ «Էքսպրեսեն» օրաթերթը տպագրեց Կապլանի լուսանկարը, որում նա ճաշում է Ստոկհոլմում թուրք-ադրբեջանական ցույցի ժամանակ հայատյաց հայտարարությունների հեղինակ Բարբարոս Լեյլանիի և «Գորշ գայլեր» կազմակերպության շվեդական թևի ղեկավար Իլհան Սենթուրքի հետ։
Նախարարի և իսլամիստների ու ազգայնականների բացահայտված կապը սուր քննադատության ենթարկվեց թե կառավարության ներկայացուցիչների, թե ընդդիմության, թե հանրության կողմից: Լրատվամիջոցները վերստին հիշեցին մի քանի տարի առաջ Կապլանի հայտարարությունը, որով նա Սիրիա մեկնող մուսուլման մարտիկներին համեմատում էր սովետա-ֆիննական պատերազմում ֆիններին օգնող շվեդների հետ: Վերստին հրապարակվեց 2009 թ. Շվեդիայի թուրքական միություններից մեկում Կապլանի ելույթի տեսագրությունը, որտեղ նա Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ վարվող քաղաքականությունը համեմատել էր նացիստական Գերմանիայում հրեաների նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ: Երբ ընդդիմությունից սկսեցին Կապլանին անվստահության հարցը խորհրդարանում բարձրացնելու սպառնալիքներ հնչել, վարչապետ Լյովենը կառավարության հեղինակության անկում չթույլատրելու նպատակով ազատեց Կապլանին: Ըստ Շվեդիայի կառավարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության՝ Շվեդիայի քաղաքաշինության ոլորտի համակարգումը ժամանակավորապես կստանձնի ֆինանսական շուկաների նախարար Պեր Բոլունդը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, որը նույնպես համակարգում էր Կապլանը, կանցնի գործարարության և նորարարության նախարար Միքայել Դամբերգին։ Մինչ 2014 թ. բնակարանաշինության նախարար նշանակվելը Մեհմետ Կապլանը եղել է խորհրդարանում կանաչների խմբակցության ղեկավարը, Շվեդիայի մուսուլմանական խորհրդի (2005-2006), Շվեդիայի երիտասարդ մուսուլմաններ կազմակերպության (2000-2002) խոսնակը։ Մեհմետ Կապլանն աչքի էր ընկնում Շվեդիայի թուրքական և ադրբեջանական համայնքի տարատեսակ ձեռնարկներին սատարելով։ Նրա հովանավորությամբ 2011-ի հոկտեմբերի 10-ին Շվեդիայի խորհրդարանի օրակարգ էր մտցվել ԼՂ հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որը Շվեդիայի խորհրդարանում բարեկամ պատգամավորների շնորհիվ արագ կասեցվել է։ Կապլանը եղել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման ակտիվ ընդդիմախոս։