ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին: ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունները և հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Քննարկմանը ելույթ է ունեցել տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, որ 2005-ին աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում: Նա ներկայացրել է իր դիտարկումները Ադրբեջանի էներգետիկ պաշարների, բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ: Ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: Քննարկումը կազմակերպել և վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ամերիկահայ համայնքի անդամներ: