Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պետք է ներկայացված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին՝ ապրիլի 19-ին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Ֆրանսիայի պատվիրակության պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության անունից զգալի պատասխանատվություն են կրում երկարատև խաղաղության հաստատման համար դիվանագիտական բանակցությունների վերականգման հարցում: «Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Մինսկի խմբի բանակցությունները բաց լինեն հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության համար: Իսկապես խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող ոչ ոք չի կարող հերքել ղարաբաղյան ժողովրդին ներկայացնող այդ երկրի լեգիտիմությունը»,- ընդգծել է նա: Ֆրանսիացի պատգամավորի խոսքով, ժամանակն է պահանջել, որ Ադրբեջանի ղեկավարները կատարեն ստանձնած պարտավորությունները: «Անհրաժեշտ է նրանց հասկացնել, որ ամեն ինչ կկորցնեն, եթե շարունակեն հրաժարվել բանակցություններից: Մենք պետք է համառ լինենք խաղաղության հաստատման գործում»,- հավելել է Ֆրանսուա Ռոշբլուանը: