Ադրբեջանի զինված ուժերն անընդունելի դաժանություն գործեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ՝ ապրիլի 19-ին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր, ԵԺԿ անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նրա խոսքով, որոշակի ժամանակահատվածում աշխարհը հետևում էր Լեռնային Ղարաբաղում շփման գծում բախումներին: «Բազմաթիվ ողբերգական միջադեպեր հաճախ ընդհատվում էին նախագահ Ալիևի խոսքերով, խոսքեր, որոնք արտահայտում էին 1994 թվականից գործող հրադադարը խախտելու նրա ցանկության մասին: Ի վերջո նա արեց դա: Ադրբեջանի զինված ուժերը հարձակումը սկսեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսից: Նրանց համար բավարար չէին իրենց դիմակայող զինծառայողների շրջանում զոհերն ու վիրավորները, նրանք նաև անընդունելի դաժանություն գործեցին քաղաքացիական բնակչության՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ»,- նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Նրա խոսքով, շատերի մարմիններն այլանդակվեցին: «Դա այն է, ինչն Ալիևը համարձակվում է «վերանվաճում» կոչել: Ի՞նչ կարելի է ակնկալել այդպիսի առաջնորդից: Պարոն Ալիևն ու նրա ռեժիմն այնքան են վախենում ճշմարտությունից, որ ամեն օր հնարավոր բոլոր միջոցներով խախտում են ազատ արտահայտվելու իրավունքը: Նրանք սպառնալիք են աշխարհի այդ հատվածի անվտանգության համար»,- ընդգծել է նա: