«Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին կոչ է անում Իլհամ Ալիևին միջամտել և վերջ տալ իր դեմ սանձազերծված ճնշումների նոր փուլին: Ադրբեջանական մի շարք կայքեր հրապարակեցին արձակագրի` Ալիևին ուղղված նամակը, որի առիթը Այլիսլիի դեմ հարուցված քրեական գործն է: 78-ամյա գրողին մեղադրում են մարտի վերջին Բաքվի օդանավակայանի մի 35-ամյա աշխատակցի ծեծելու մեջ: Միջադեպը տեղի էր ունեցել, երբ Այլիսլին Բաքվից ուղևորվում էր Իտալիա` Վենետիկի գրական փառատոնին մասնակցելու նպատակով: Միջադեպից հետո Այլիսլիին արգելեցին լքել Ադրբեջանը, ինչը, գրողի համոզմամբ, իրեն լռեցնելու իշխանությունների հերթական փորձն է: «Ես հասկանում եմ, որ իմ ստեղծագործությունը որոշակի խնդիրներ ստեղծեց թե Ադրբեջանի իշխանությունների և թե պաշտոնական գաղափարախոսության համար: Բայց ես երբեք չեմ համաձայնի այն տեսակետին, թե իմ վեպը նվաստացնում է ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը»,- դիմելով Իլհամ Ալիևին՝ գրում է Աքրամ Այլիսլին, հավելելով. «Պարոն նախագահ, տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ Ադրբեջանին նաև գաղափարախոսական բարեփոխումներ են անհրաժեշտ»: Այլիսլիի խոսքով՝ «Քարե երազներ» վեպի դեմ երեք տարի առաջ սկիզբ առած արշավը նախ և առաջ հարվածել է Արևմուտքում Ադրբեջանի վարկին: «Ես բացարձակապես վստահ եմ, որ քանի դեռ մենք ականջալուր չենք եղել աշխարհին, աշխարհը մեզ չի լսի»,- ընդգծում է գրողը: Այլիսլին նաև նկատում է. «Ես շատ ուրախ եմ, որ իմ վեպը ծառայում է ոչ թե ժամանակավոր ազգայնական շահերին, այլ ադրբեջանական գրականության մեծ մարդասիրական գաղափարին: Այն փաստը, որ տարբեր երկրներ ներկայացնող 13 պրոֆեսորներ ինձ Նոբելյան մրցանակի են առաջադրել, պետք չէ ընկալել որպես հայամետ քարոզչության ակտիվացման վկայություն: Այդ հայտարարությունը ստորագրած մարդիկ հեռու են քաղաքական անցողիկ պոռթկումներից և քաղաքական խաղերի մասնակից չեն»:
Քննադատության սլաքն իշխանությունների հասցեին ուղղելով՝ ադրբեջանցի արձակագիրը նշում է. «Եթե իշխանությունների քաղաքականությունն այդ աստիճանի անթերի լիներ, մի փոքրիկ գրական ստեղծագործությունը չէր կարող ազդել մի ողջ երկրի կյանքի վրա»: Դիմելով Ադրբեջանի ղեկավարին՝ Այլիսլին հորդորում է վերջ տալ իր դեմ հարուցված քրեական հետապնդումներին: «Ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնպիսի ուժեղ հարված հասցնելու մեջ, որ նրա մարմնին կապտուկներ են հայտնվել: Որևէ մեկին հնարավո՞ր է համոզել, որ սրտի աշխատանքի հետ խնդիրներ ունեցող 78 տարեկան մարդը կարող էր նման բան անել սպորտային կազմվածք ունեցող 35-ամյա տղամարդու հետ»,- տարակուսում է Այլիսլին՝ նշելով, թե հույս ուներ, որ գործի հարուցման սկզբնական փուլում Ալիևը կմիջամտի և վերջ կտա այս պատմությանը: «Իմ հույսերը չարդարացան: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ երկրի իշխող վերնախավը չի ցանկանում, որ իմ հանգիստ կյանքն ու գրական գործունեությունը շարունակվեն»,- գրում է Աքրամ Այլիսլին: