Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանում հանդես գալով ամենամյա ուղերձով՝ Մոսկվային կոչ է արել հարգանքով վերաբերվել Բելառուսին։ «Ես ցանկանում եմ, որ ռուսները, կոնկրետ՝ Ռուսաստանի ղեկավարությունը, իմանան, որ Բելառուսը երբեք որևէ երկրի ծառան չի լինի, մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք, մենք ապրում ենք ձեզ հետ միասին մի շենքում, բայց մեր սեփական բնակարանում, որը գուցե փոքր է, բայց մերն է: Ի միջի այլոց, սա նաև Ռուսաստանի ներկայիս նախագահի խոսքերն են»,- հայտարարել է Լուկաշենկոն։ «Ռուսաստանի նախագահը պատրաստ է դրա վրա կառուցել մեր հարաբերությունները: Ինչո՞ւ ոմանք, այդ թվում՝ իշխանամետ «բարձրախոսները», այլ բանի վրա են կենտրոնանում և սկսում զրպարտել։ Հարկավոր է վերջ տալ, լավ բանի չի բերի»,- հավելել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաև պահանջել էր 2016-ին առնվազն 1,5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել երկրի տնտեսության մեջ։ «Այս տարի տնտեսական աճի վերականգնման նպատակով անհրաժեշտ է ներգրավել առնվազն 1,5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ»,- ասվում է ուղերձում: Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսի ռազմավարական գործընկերն է, սակայն իր երկրի համար նաև Արևմուտքն ունի շատ մեծ կարևորություն։ Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը, Ռուսաստանը և ՈՒկրաինան միշտ ապրելու են սլավոնական ընդհանուր տարածքում։ Բելառուսի նախագահը կոչ է արել բարեփոխել և արդիականացնել ԱՊՀ-ն։