Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի հարցերով բաժնի ղեկավար Մարտա Սիգանը հայտարարել է, որ Անկարան կատարել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկմանն անհրաժեշտ պահանջների փոքր մասը միայն՝ հայտնում է Reuters-ը։ Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Սիգանը նշել է, որ թուրքական իշխանությունները բավարարել են ԵՄ-ի 72 պահանջներից միայն 35-ը, որոնք անհրաժեշտ են վիզային հարցի ազատականացման համար։ «Թուրքական իշխանությունները որոշակիորեն արագացնելու են վարչական ու օրենսդրական միջոցառումների անցկացումը, որի շնորհիվ կկարողանան իրականացնել պահանջները»,-ասել է նա։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի հետևելու ԵՄ-ի հետ համաձայնագրի պայմաններին, եթե դաշինքը չիրականացնի Թուրքիայի հետ վիզաների չեղարկման որոշումը։