Իրանի Միլի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին բացառիկ հարցազրույց է տվել TAСС գործակալության գլխավոր տնօրենի տեղակալին և ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Նա նշել է, որ առանց դրա էլ տարածաշրջանը լի է ճգնաժամերով։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում խնդիրներ կան, Թուրքիայում նույնպես պայթյուններ են լինում։ «Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում ու Պակիստանում։ Տարածաշրջանն արդեն չի հանդուրժում նոր ճգնաժամեր։ Գուցե իրոք, նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն հայտնի չէ, թե ինչ հետևանք կունենա։ Մենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին միշտ կոչ ենք անում այնպիսի որոշումներ կայացնել, որ չեն ավարտվի պատերազմով»,- ասել է Լարիջանին։ Նա նշել է, որ կարգավորման մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ «Մենք Հայաստանի ու Ադրբեջանի մեր ընկերներին կոչ ենք անում, իսկ Իրանի պաշտպանության նախարարությունն արդեն կապվել է գործընկերների հետ Բաքվում և Երևանում, Մոսկվայում՝ հորդորելու թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմ, հետևանքները շատ ցավոտ կլինեն։ Առավել ևս, որ այդ երկրները հարևաններ են, նոր բազմաթիվ զոհերը կավելացնեն ատելությունը, որից ապագայում դժվար կլինի ազատվել։ Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար»,- ասել է նա։