ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ գործընթացին՝ լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին: «Մենք շարունակում ենք հավատալ, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը ԵԱՀԿ-ն է: Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով տարածաշրջան է այցելել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, հստակ նշել է, որ մենք ցանկանում ենք անհապաղ վերադառնալ բանակցություններին ու կարգավորմանը: Եվ մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ աշխատելուն` հանուն տևական խաղաղության»,- ասել է Քիրբին: