Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Լրագրողները դեսպանից հետաքրքրվել են, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին և հավասարության նշան դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև և թե դա ինչպես կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Հավասարության մասին բոլորովին խոսք չկա, Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր, դրանք լրիվ տարբեր մակարդակներ են ու հավասարության ոչ մի նշանի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Վոլինկինը:
Հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր վատացմանը՝ վերջին իրադարձությունների ֆոնին, անդրադառնալով ՌԴ դեսպանը նշել է, որ այժմ գերակշռում են հույզերը, բայց ռուս-հայկական հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմություն ունեն, շատ դժվար է սասանել: «Այո, կարող են ինչ-որ վիրավորանքներ լինել, թյուրըմբռնումներ, բայց դա բոլորովին չի նշանակում, թե ռուս-հայկական հարաբերությունները մեկ այլ փուլ կանցնեն: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական շփումների մեջ են, և այդպես կլինի միշտ»,- ասել է Իվան Վոլինկինը: