Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ՝ ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի` բանակցություններն իր օգտին թեքելու փորձը ձախողվել է: Լավ հայտնի է, որ հակամարտության կարգավորման հիմնական փաստաթղթերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների 5 հայտարարություններն են, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում վկայակոչել և ձևացնում է, թե չգիտե` ինչի մասին է խոսքը, կամ էլ աղավաղված ձևով ներկայացնում է փաստաթղթեր, որոնք աշխատանքային բնույթ են կրել:
Ասվում է, թե 2009-ից ի վեր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից աշխատանքային փաստաթղթեր չեն ներկայացվել: Այդ դեպքում մնում է միայն կռահել, թե ինչի վերաբերյալ են եղել քննարկումները նախարարների մակարդակով, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տարբեր գագաթնաժողովներում, ինչ են քննարկել արտգործնախարարները և վերջապես, ինչ են քննարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ այցելությունների ընթացքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և տեսնելով, որ չեն կարող բանակցություններն իրենց օգտին թեքել, նրանք փորձեցին ինչ-որ բան ստանալ ռազմական ոլորտում, և դարձյալ անարդյունք: «Նրանք ստիպված կլինեն վերադառնալ բանակցային գործընթացին: Չկա այնպիսի հակամարտություն կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցությունների սեղանին` լուծում գտնելու համար»,- ասել է արտգործնախարարը: