Համաշխարհային հանրությունն այժմ անվտանգության նոր ճարտարապետության կարիք չունի, անհրաժեշտ է, որ գործեն առկա մեխանիզմները, համարում է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նրա խոսքով, աշխարհում իրավիճակի հետևողական զարգացումը պահանջում է համատեղ աշխատանքի կազմակերպման ավելի արդյունավետ միջոցների փնտրտուք: «ԵԱՀԿ-ն ամուր համագործակցություն է հաստատել ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկեր-կազմակերպությունների հետ: Մեզ պետք չէ անվտանգության նոր ճարտարապետություն: Մեզ իրոք անհրաժեշտ է վերադառնալ հիմքերին և ավելի լավ օգտագործել գործիքները, որ ունենք»,- ասել է գլխավոր քարտուղարը Friends of Europe (Եվրոպայի բարեկամներ) կազմակերպության ամենամյա հարթակում անվտանգության վերաբերյալ առցանց-բանավեճերի շրջանակում իր հրապարակման մեջ: Նրա կարծիքով, տարածաշրջանային կազմակերպությունները, օրինակ, ԵԱՀԿ-ն, կարող են «ապահովել վաղաժամ կանխումը և ներառական և բացառիկ մեթոդների ներդրումը տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կանխարգելման նպատակով, այդ թվում` ճգնաժամերից և հակամարտություններից տուժած անդամների մասնակցությամբ»:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ նման կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես ՄԱԿ-ի ավանգարդ` անվտանգության հարցերով համաձայնության հաստատման գործում, ընդ որում` ոչ միայն մինչև այս խնդիրների` գլոբալ մակարդակի փոխանցման պահը, այլև ստանձնելով առաջատար դեր` սեփական տարածքում անվտանգության խնդիրների լուծման գործում: