Turan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկվա սենսացիոն հայտարարությունը հարուցել է փորձագետների ու դիտորդների ակտիվ արձագանքը և առաջացրել բազում հարցեր: Հանրահայտ քաղաքագետ Առասթուն Օրուջլուն ընդգծել է, որ նախարարի հայտարարությունն առաջացրել է բազմաթիվ հարցեր, և պահանջվում են էական ճշգրտումներ. «Ինչո՞ւ է պլանի մասին խոսում Մամեդյարովը և ոչ թե Լավրովը, եթե Մոսկվայի պլանն է: Ի՞նչ շրջաններ նկատի ուներ նախարարը, երբ խոսեց Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Խոսքը Ղարաբաղին հարակից շրջանների՞, թե՞ նաև բուն Լեռնային Ղարաբաղի մասին է: Անհասկանալի է ԵԱՀԿ-ի դերը: Ինչո՞ւ է փուլային պլանն առաջ քաշում Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիրը և ոչ թե երեք երկրներն էլ: Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի առաջարկում այսբերգի վերնամասի մասին Մամեդյարովի խոսքերը: Կարծում եմ, որ նախարարը ցանկացել է բարյացկամություն հայտնել բուն պլանին, սակայն հասկացնել է տվել, որ կան պահեր, որոնք ձեռնտու չեն Բաքվին: Անտեսանելի մասը Ադրբեջանի համար ոչ ձեռնտու դետալներն են, այն է` ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հրավիրելը: Սերգեյ Լավրովը Բաքվում գտնվելիս բաց ակնարկել էր այդ մասին: Եվ վերջապես՝ դա վերաբերում է խաղաղապահների հարցին: Դժվար է կարգավորման ռուսական պլանը պատկերացնել առանց նրա խաղաղապահ զորքերի մասնակցության, իսկ դա շատ վտանգավոր պահ է»: Օրուջլուն գտնում է, որ Արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ-ը չեն համաձայնվի տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը:
Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կարծում է, որ ռուսական առաջարկը սառցալեռան հետ համեմատելով` Մամեդյարովն ակնարկել է ՌԴ առաջարկներում ոչ բոլոր պահերի բաց լինելու մասին. «Հնարավոր է` կան Ռուսաստանի առաջարկած ինչ-ինչ ընդհանուր սկզբունքներ, որոնք նախատեսում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատում, այդ իմաստով համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Միևնույն ժամանակ, չկա առաջարկների մանրակրկիտ մշակում և հստակ չեն հանրաքվեի անցկացման ձևի ու ժամանակի հարցերը (եթե պլանի մաս է), խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցերը»:
Միրկադիրովը մտահոգիչ է համարել, որ Հայաստանն անմիջապես մերժել է Լավրովի պլանը` դա որակելով որպես դեմարշ: