Ֆրանսիան պիտի ապրիլի 24-ը պետական մակարդակով հիշատակի օր հայտարարի՝ նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղերձում գրել է խորհրդարանի պատգամավոր Մարի-Առլետ Կառլոտին:
Ուղերձում ասված է. «Պարոն նախագահ, Ֆրանսիայում ամենուր հավաքվում են` հիշատակելու երիտթուրքերի ձեռքով հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցը: Բայց ամբողջ Ֆրանսիան պիտի հիշատակի ապրիլի 24-ն իր ընդհանրական հիշողության մեջ: Դա պիտի հուզի ոչ միայն հայերին, այլեւ բոլոր ֆրանսիացիներին: Ամբողջ հանրապետությունը պիտի հավաքվի եւ հիշատակի այդ հանցագործությունը: Զոհերի հիշատակը և մեր նվիրվածությունը պատմական փաստերի ճանաչմանը բոլոր ֆրանսիացիներին պարտավորեցնում են միասնական պատասխան տալ: Ցույց տալու համար, որ մենք երբեք չենք մոռանա, Ձեզ խնդրում եմ, պարոն նախագահ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման պետական օր հայտարարել: Հիշողության մեր պարտքը միայն կուժեղանա»: