Գերմանիան Սիրիայի մոտ ապագան չի տեսնում առանց նախագահ Բաշար Ասադի՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում: «Ժնևում ընթացող բանակցություններում դեռ խոսք չկա նախագահի պաշտոնից Բաշար Ասադին շուտափույթ հեռացնելու մասին: Խոսքը արդյունավետ անցումային կառավարություն ստեղծելու մասին է, որի կազմում լինելու են ընդդիմության ու ռեժիմի ներկայացուցիչներ»,- ասել է նա:
Արևմուտքի երկրները ձգտում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացմանը, և դեմ են նրան ցանկացած օժանդակության: Ռուսաստանը միջազգային կոալիցիային կոչ է անում համագործակցել սիրիական իշխանությունների հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո ԻՊ-ի դեմ պայքարի համար: Մարտի սկզբին Ասադը դարձյալ հայտարարել էր, որ պատրաստ է լքել պաշտոնը, երբ այդպես ցանկանա սիրիացի ժողովուրդը: Նրա խոսքով՝ Սիրիայում այժմ պատերազմում են երկրի անկախության համար: